Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Չիլին ոչնչացրեց Մեքսիկային

Չիլին ոչնչացրեց Մեքսիկային
21.06.2016 | 10:44

Ֆուտբոլային Եվրոպան այնքան էլ հանգիստ չթողնելով (սկսվել են շատերի համար բախտորոշ նշանակությամբ խմբային երրորդ հանդիպումները)՝ շարունակենք խոսել Ամերիկայի գավաթի խաղարկությունից, որտեղ ավարտվեցին նաև մեկ քառորդ փուլի հանդիպումները:

Ինչպես նախորդ նմանատիպ նյութում, դարձյալ սկսենք ամենախոշոր անակնկալից: Խոսքը վերաբերում է Մեքսիկա-Չիլի դիմակայությանը, որը նախ և առաջ զարմացրեց գրանցված հաշվով: Արգենտինայի հավաքականի կողքին մասնագետներն առաջնության գլխավոր ֆավորիտներից էին համարում մեքսիկացիներին ու դրա բոլոր հիմքերն ունեին: Թիմը խաղում էր բարձրակարգ ֆուտբոլ, տղաների նշանառությունն ավելի քան տեղին էր, խմբայինը, ինչպես ասում են, անցավ խաղ ու պարով: Վենեսուելայի հետ հանդիպման ոչ-ոքին (1:1) հաշվի մեջ չէ, քանզի անգամ մեկ միավորը խմբայինում ապահովում էր առաջին տեղը:
Թվում է՝ տագնապեցնող ոչինչ չպիտի լիներ և Չիլիի ընտրանու հետ քառորդ եզրափակչի հանդիպումում, որը վնասվածք ունեցող Ալեքսիս Սանչեսի բացակայության պայմաններում, առանձնապես չէր տպավորվել նախորդ խաղերից: Էդսոն Պուչը բավական արագ առաջ մղեց իր թիմին, սակայն դա ոչ թե կոտրեց, այլ ավելի ակտիվ գործողությունների մղեց մեքսիկացիներին: Հետևեց մեկ-երկու վտանգավոր պահ, որոնք գոլի կամ գոլերի չվերածվեցին, սակայն վկայեցին, որ Կենտրոնական Ամերիկայի լավագույն թիմերից մեկը չի պատրաստվում հենց այնպես հանձնվելու:


Անգամ խաղակեսի ավարտին բաց թողած երկրորդ գոլը ացտեկների մերօրյա հետնորդներին չարագույժ ոչինչ չէր հուշում՝ նկատի ունենալով կենտրոնանալու նրանց բացառիկ ունակությունը: Ամպրոպը ճայթեց երկրորդ խաղակեսում: Սկզբում Սանչեսը հրետակոծեց Օչոայի պաշտպանած դարպասը, ապա Վարգասը երկրորդ անգամ արեց իր սև գործը: Հանդիպման մնացած հատվածը վերածվեց գիշատչի խնջույքի: Դիմադրողականությունն իսպառ կորցրած մեքսիկացիները ևս երեք գնդակ բաց թողեցին, որոնցից երկուսի հեղինակը դարձյալ Վարգասն էր, իսկ ամեն ինչ ավարտին հասցնողը նույն Էդսոն Պուչն էր: Գրեթե ամեն ինչ եղավ այնպես, ինչպես աշխարհի վերջին առաջնության կիսաեզրափակիչ Բրազիլիա-Գերմանիա դիմակայությունում: Այնպես որ, եթե վերջինս տեսել ու մեքսիկացիների այս խայտառակությունը չեք տեսել, սկզբունքորեն առանձնակի բան չեք կորցրել:


Առանձնակի լարված զարգացումներ չեղան և Արգենտինա-Վենեսուելա մրցակցությունում: «Կապտաճերմակավուններն» ունեին անառարկելի առավելություն: Իգուաինը (երկու անգամ), Մեսին ու Լամելան չորս անգամ գրավեցին մրցակցի դարպասը՝ սեփականն ընդունելով մեկը: Սակայն այս հաղթանակից ավելի շատ ուրախանանք Մեսիի խփած գոլով, ով հայրենաբնակ արգենտինացիների քար սիրտը փափկացնող քայլեր է կատարում՝ յուրաքանչյուր գոլով փորձելով կոտրել այն սխալ մտայնությունը, թե հավաքականը նրա համար պակաս կարևոր է:


Չափից ավելի սուր մրցակցությունում անցան Էկվադորի ու ԱՄՆ-ի, Պերուի ու Կոլումբիայի ընտրանիների դիմակայությունները: Եթե առաջինում հանդիպման ելքը վճռվեց հիմնական ժամանակում (ամերիկացիները հաղթել են 2:1 հաշվով), երկրորդում հարկ եղավ դիմելու հետխաղյա տասնմեկմետրանոցների օգնությանը: Կոլումբիացիներն առավել դիպուկ եղան՝ գոնե այս կերպ կոմպենսացնելով հիմնական խաղաժամանակի գոլային երաշտը:
Կիսաեզրափակիչ զույգերը կազմել են Արգենտինայի ու ԱՄՆ-ի, Չիլիի ու Կոլումբիայի ընտրանիները: Եթե ապավինենք բանականությանը՝ արգենտինացիները պիտի որ խնդիր չունենան ամերիկացիների հետ խաղում, իսկ, այ, քառորդ եզրափակչում գավաթի խաղարկության գործող չեմպիոնների խոշոր հաշվով տարած հաղթանակը դեռևս հաղթաթուղթ չէ կոլումբիացիների հետ խաղում: Ինչի ինչպես լինելը, իհարկե, կիմանանք հանդիպումներից հետո, սակայն այն, որ Ամերիկայի գավաթի հոբելյանական՝ հարյուրերորդ խաղարկությունը փառահեղ է անցնում, երկու կարծիք լինել չի կարող, ու բնավ էլ նշանակություն չունի, որ այս քառյակի մեջ չկան բրազիլացիներն ու ուրուգվայցիները: Նրանց շանս տրված էր, իսկ թե հիմա ինչու են գտնվում իրենց տներում, դա էլ արդեն իրենց մտածելիք բանն է:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1083

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ